«Միքայելյան» համալսարանական հիվանդանոցի Ուրոլոգիայի կլինիկայում հաջողությամբ իրականացվել է բարդ վիրահատություն՝ լապարասկոպիկ ռադիկալ ցիստէկտոմիա՝ միաժամանակյա բարակաղիքային պլաստիկայով։
Վիրահատության ընթացքում միզապարկը ամբողջությամբ հեռացվել է, իսկ բարակ աղիքից ձևավորվել է նոր միզապարկ։
Ուրոլոգ Նաիրի Մելքոնյանը նշում է, որ այս միջամտությունը հիմնականում կիրառվում է միզապարկի մկան-ինվազիվ քաղցկեղի դեպքերում, երբ ուռուցքը ներխուժում է միզապարկի խորանիստ շերտերը, և օրգանապահպան մոտեցումն այլևս հնարավոր չէ։
Վիրահատությունն իրականացրել են ուրոլոգ Նաիրի Մելքոնյանը, ասիստենտներ ուրոլոգ Աշնակ Հրանտյանը և Ռոբերտ Ծառուկյանը, անեսթեզիոլոգ Մհեր Մուսայելյանը։
Կլինիկական դեպքի նկարագրություն
62 տարեկան տղամարդը դիմել է ուրոլոգիական բաժանմունք՝ գանգատվելով արյունամիզությունից և ցավոտ միզարձակությունից։ Կատարված օբյեկտիվ, լաբորատոր և գործիքային հետազոտությունների արդյունքում հայտնաբերվել է միզապարկի ձախ կողմնային պատի չարորակ նորագոյացություն։
Առաջնային փուլում իրականացվել է միզապարկի ներմիզուկային մասնահատում (TURB), որի հյուսվածքաբանական քննությամբ ախտորոշվել է միզապարկի մկան-ինվազիվ քաղցկեղ։ Օնկոլոգի հերթական խորհրդատվությունից և մուլտիդիսցիպլինար քննարկումից հետո կայացվել է որոշում՝ առաջնահերթ իրականացնել ռադիկալ վիրահատական միջամտություն։
Վիրահատությունն անցել է հարթ և առանց բարդությունների։ Հետվիրահատական շրջանում իրականացված դինամիկ համակարգչային տոմոգրաֆիկ (ՀՇ) հսկողությամբ հիվանդության ախտադարձ չի արձանագրվել։
.png)